Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նելսոն Ստեփանյանի հաղթական երկինքը

Նելսոն Ստեփանյանի հաղթական երկինքը
08.05.2015 | 10:17

«Կոնգրես» հյուրանոցի մեծ հյուրասրահը մայիսի 4-ի երեկոյան իր կլոր սեղանների շուրջ էր հավաքել մի քանի սերունդ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նրանց որդիներին, թոռներին ու արդեն նաև ծոռներին: Հուշ երեկոն նվիրված էր ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ: Եղբոր թոռնուհին՝ Աննա Ստեփանյանը, բացելով երեկոն, խոսեց ոչ միայն իր հանրահայտ ազգականի, Լենինի կրկնակի և Կարմիր դրոշի եռակի շքանշանակիր, Հայրենական պատերազմի կրկնակի հերոս, օդաչու, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի մասին, այլև բոլոր նրանց, որոնց շնորհիվ մայիսի 8-ին խորհրդային բանակը մտավ Բեռլին, նրանց, «որ իրենց վառ օրինակով լուսավորեցին դեպի հաղթանակ տանող մութ ու դժվար ճանապարհը»: Վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը դահլիճում հավաքված վետերաններին, ավիացիոն ինստիտուտի սաներին, Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցի աշակերտներին հիշեցրեց հայոց մայիսի խորհուրդը՝ բեռլինյան մայիսից մինչև Շուշիի մայիս՝ հաղթանակների ամիս: Նա պատմեց Երկրորդ աշխարհամարտի ու Մեծ հայրենականի տարբեր ճակատներում կռված հայ օդաչուների մասին՝ Նորմանդիա-Նեմանից մինչև Բալթիականի ափեր: Նելսոն Ստեփանյանին ընկերներն անվանում էին «Մրրկահավ». պատահական չէ, որ կրտսեր հրամանատարից նա հասավ փոխգնդապետի աստիճանին: Նելսոն Ստեփանյանը 239 մարտական թռիչք է կատարել, ջրասույզ է արել 53 նավ, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ: Նա զոհվել է 1944-ի դեկտեմբերի 14-ին Բալթիկայի երկնքում, Լիբավայի մոտ՝ 31 տարեկանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Չիբուխչյանը ևս իր խոսքում արժևորեց Հայրենական մեծ պատերազմում զինվորի սխրանքն ու հետահայացով փառաբանեց հայ զինվորի հերոսական ոգին: ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը նրա համար եղել ու մնում է հաղթանակի սիմվոլ: Հայաստան-Արցախ-Սփյուռք կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն ընդարձակ անդրադարձ արեց հայոց դիցաբանությանն ու պատմությանը, ապա Շուշիի հաղթանակին: Նելսոն Ստեփանյանի, Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի ժառանգներ անվանեց նա Արցախյան ազատամարտի հերոսներին ու Շուշիի հաղթանակը կերտողներին: Հայկական ավիացիայի պատմության մեջ Նելսոն Ստեփանյանի ներդրումը նա որակեց անօրինակ: Դահլիճում էր Նելսոն Ստեփանյանին նվիրված գրքի հեղինակ, պրոֆեսոր Վլադիմիր Կոնկինը ՈՒլյանովսկից: Մայիսյան հաղթանակի տոնը նա անվանեց ուրախ ու տխուր տոն: Տխուր, որովհետև հաղթանակը բազում զոհեր պահանջեց: Վլադիմիր Կոնկինը պատմեց ՈՒլյանովսկի ավիացիոն ինստիտուտի մասին, որտեղ դեռ հիշում են Նելսոն Ստեփանյանին: Գրքի համար նյութի իր որոնումներում նա հանդիպել է բազում մարդկանց, ուսումնասիրել փաստաթղթերի հարյուրավոր էջեր, և բոլոր այդ վկայություններով հավաքել է Նելսոն Ստեփանյան մարդու, զինվորի, հրամանատարի, հերոսի կերպարի խճանկարը: Հուշ-երեկոյի տրամաբանական մասը դարձան Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանի և աշակերտների ելույթները: Գայանե Դեմիրյանն ասաց, որ 77 տարվա պատմություն ունեցող դպրոցը 61 տարի կոչվում է Նելսոն Ստեփանյանի անունով, նա վստահեցրեց, որ բոլոր այդ տարիներին Նելսոն Ստեփանյանը «ներկա» է եղել իր անունը կրող դպրոցում և օգնել սաների հայրենասիրական դաստիարակությանը:
Այլ ելույթներ էլ եղան, բայց կարևորը, թերևս, հնչած ու չհնչած խելոք խոսքերը չէին, այլ այն մթնոլորտը, որ ստեղծվել էր դահլիճում՝ պատերազմի ու խաղաղության փորձություններն անցած մի տասնյակ վետերանների համար, որ միմյանց ողջ-առողջ տեսնելու ուրախությանը խառնել էին անցյալի հիշողություններն ու իսկապես մոռացել տարիքն ու տարիների բեռը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Դահլիճի համեստ անկյունում ուղղանկյուն սեղանի վրա քառաշար ինքնաթիռներ էին՝ փոքրիկ, համարյա խաղալիքի մեծությամբ, որ ճշտորեն պատճենում էին Երկրորդ աշխարհամարտի երկինք բարձրացած բոլոր ինքնաթիռները: Այդ ուղղանկյուն սեղանից հայացքս չէի կարողանում կտրել, և պատճառն այն չէր, որ այդտեղ նաև Նելսոն Ստեփանյանի կործանիչի նմուշը կար, պարզապես բոլոր այդ խաղալիքաչափ, բայց օդ բարձրանալու պատրաստ ինքնաթիռներում կար երկինքը: Հաղթանակի երկինքը, որտեղ ոչ միայն Նելսոն Ստեփանյանի կյանքի պատմությունն ավարտվեց, այլև՝ հարյուրավոր օդաչուների, ու գուցե հիմա նրանց հոգիները դեռ թափառում են երկնքում՝ պատրաստ պաշտպանության ու հաղթանակի:

Դիտվել է՝ 1925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ